Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Լագրանժի անշարժ կետից մինչեվ խոզաբուծարան

Լագրանժի անշարժ կետից մինչեվ խոզաբուծարան
20.08.2024 | 15:47

Վիկտոր Համբարձումյանի հետ միաժամանակ Տիեզերքին ուղղված հայկական մտքի մյուս հզոր լուսարձակը հռչակավոր աստղաֆիզիկ, Տիեզերական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆՆ էր:

Գրիգոր Գուրզադյանի հետ հանդիպել եմ երեք անգամ, սակայն ոչ իմ նախաձեռնությամբ: ԳԱԱ ինստիտուտներից գիտնական ընկերներ ունեի՝ քիմիկոս Դավիթը և կենսաբան Գևորգ Գևորգյանը, որոնք շատ էին ցանկանում հանդիպել և զրուցել Գուրզադյանի հետ: Հանդիպումը կազմակերպեց մեզ երեքիս շատ մտերիմ Ռուբենը, որը չգիտեմ ինչպես էր մտերմացել հռչակավոր գիտնականի հետ: Այդ ընկերներս այժմ չկան: Չկա նաև Գրիգոր Գուրզադյանը:

Առաջին հանդիպման ժամանակ իմ հեղինակած «Գրիգոր Զոհրապի կենսափիլիսոփայությունը» գիրքը նոր էր տպվել ու մի օրինակ ընծայագրով նվիրեցի նրան: Հանդիպումը Գուրզադյանի հետ տևեց հինգից վեց ժամ: Ես նույնիսկ ձայնագրեցի զրույցի որոշ մանրամասներ:

Ենթադրում եմ, որ Գուրզադյանը գիրքս, հավանաբար, թերթել էր կամ գուցե նաև մի քիչ կարդացել, քանի որ հաջորդ հանդիպման ժամանակ, երբ կրկին նույն չորս հոգով էինք, կատակով ասաց.

- Արա՛մ, դու արի՛ կողքս նստի, իրենք «технарь» են, նրանք մեզ չեն հասկանա…

Մեծությունների մասին հուշապատում գրելու մղումը սեփական անձը ավելի բարձր հարթակից ներկայացնելու փոքր-ինչ եսասիրական, բայց ներելի գայթակղություն է: Իրականում բոլորի մեջ այս կամ այն չափով առկա է այդ ռամիկ զգացողությունը, խաբկանքը, սակայն այս հուշապատումը թող դիտվի ուղղակի այդ լուսավոր գիտնականի հանդեպ ակնածանքի և խոնարհումի բարձրաձայնում:

Գրիգոր Գուրզադյանը բացառիկ, չափազանց ինքնատիպ Ճանաչող էր: Նրա գիտակցության մեջ ներդաշնակորեն համատեղվել էին պրագմատիստի տրամաբանությունը ստեղծագործողի երևակայությունը և իմաստնացածի իմացությունը:

Նա նախապես աշխատել էր Վիկտոր Համբարձումյանի հետ Բյուրականի աստղադիտարանում և ղեկավարել էր աստղերի և միգամածությունների բաժինը: Այնուհետև, երբ դարձել էր իր հիմնադրած Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն, չափազանց ընդարձակվել էին նրա գիտական գործունեության շրջանակները:

Իր ղեկավարությամբ և մասնակցությամբ ստեղծվել և մշակվել էին աստղերը, մոլորակները հետազոտող այն սարքերը, ինչպես ինքն էր ասում՝ ուղեղները, որոնք արբանյակները տեղափոխում էին տիեզերք:

Այսպես, 1971 թ. «Սալյուտ-1» տիեզերական կայանը ուղեծիր բարձրացրեց Գուրզադյանի կենտրոնում ստեղծված «Օրիոն-1» առաջին աստղադիտակը: Այնուհետև, տիեզերք ուղարկվեց «Օրիոն-2»-ը, որը գործում էր «Սոյուզ-13» տիեզերանավի վրա: Գուրզադյանը հետևողականորեն հիմնավորում էր, որ Երկրից տիեզերքի դիտարկումը սպառել է իր հնարավորությունները, և որ հարկ է Արեգակնային հհամակարգության Լագրանժի անշարժ կետերում հիմնել աստադիտարաններ և այդ կետերից արդեն հետազոտել աստղերը, գալակտիկաները, տիեզերական իրողությունները: Նա ուներ այդ ամենի հաշվարկները, գիտական և հեռանկարային հիմնավորումները:

Գուրզադյանը պատմում էր, որ Արեգակնային համակարգությունում այդ կետերն անշարժ են, քանի որ երկու մեծ զանգվածների տիրույթում գտնվող փոքրածավալ այդ մարմինների վրա բացի այդ երկու հսկայածավալ մարմինների ձգողական ուժերից, այլ ուժեր չեն ազդում:

Անցել են ժամանակներ և այսօր արդեն ՆԱՍՍԱՆ Արեգակնային համակարգի Լագրանժի անշարժ կետերում տեղադրել է որոշակի աստղադիտակներ և հետազոտող սարքավորումներ:

Գուրզադյանը շատ հետաքրքրաշարժ իրողություններ պատմեց իր գիտական անցած ճանապարհից: Այդ ամենը, իհարկե, շատերը գիտեն: Գուրզադյանի հետ եղած հարցազրույցները ցուցադրվել են հեռուստատեսությամբ: Նրա մասին փաստագրական կինոնկար կա: Այն, ինչ նա մեզ էր պատմել, շատերի հետ էր կիսվել և, եթե այդ ամենը, ինչ պատմեց, վերհիշեմ, թերևս նորություն ասած չեմ լինի:

Մի քանի դրվագ եմ միայն ուզում պատմել այս շարադրանքում: Պատմում էր, որ Չինաստանում կառավարական և զինվորական անձնակազմի ներկայությամբ իրեն հարցրել են՝ հնարավո՞ր է որ Հայաստանը և Չինաստանը համատեղ արբանյակ ուղարկեն տիեզերք: Գուրզադյանը փոքր դադարից հետո պատասխանել է՝ Չինաստանն ունի ռազմական տիեզերք, սակայն չունի գիտական տիեզերք: Հայաստանն ունի գիտական տիեզերք, սակայն չունի ռազմական տիեզերք:

- Իմ պատասխանից հետո, նրանք հասկացան բուն իրողությունը և լռելյայն հայացքները կախեցին:

Այդպիսին էր ԽորհրդայինՀայաստանի գիտատեխնիկական ներուժը: Այն համաշխարհային ստանդարտ էր ապահովում:

Գուրզադյանը պատմում էր իր ինստիտուտի նվաճումներից:

Այսպես, Գառնիի գիտական կենտրոնում ստեղծված հեռակառավարման վահանակով պետք է երկրից անջատեին տիեզերանավը ուղեծիր տանող հրթիռից: Եթե վահանակը չգործեր, տիեզերեգնացների կյանքին վտանգ էր սպասվում: Չափազանց պատասխանատու իրավիճակ էր ստեղծվել: Ինքնաթիռ են ուղարկում և Գուրզադյանին տեղափոխում են Բայկանուր, որտեղ գիտնականների, աստղաֆիզիկների ողջ անձնակազմը նստած սպասում էր նրա համաձայնությանը և ստորագրությանը:

- Ես նույնպես խիստ հուզախռով էի, մտահոգ,-պատմում էր Գուրզադյանը:- Պատկերացնո՞ւմ եք, այնտեղ չէին ԽՍՀՄ ԳԱ պրեզիդենտ, մաթեմատիկոս Մստիսլավ Կելդիշը և Հայաստանի ԳԱԱ պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանը: Ողջ պատասխանատվությունը ինձ էր թողնված: Արդեն մի քանի ժամ լուռ նստած էինք: Գիշերվա ժամը մեկն էր: Բոլորը սպասում էին իմ խոսքին: Ես մտածեցի, որ գիտության զարգացման մեջ շատ հաճախ ռիսկը վճռորոշ դեր է խաղացել և տվեցի իմ համաձայնությունը: Բայկանուրի անձնակազմի ղեկավար գեներալ Ալիևը, որը դաղստանցի էր, վերցրեց լսափողը և զանգեց Կրեմլ: Ռազմական նախարար մարշալ Դմիտրի ՈՒստինովը սպասում էր այդ զանգին: Ալիևն ասաց.« Гурзадян дал свое согласие»:

Մի քանի ժամ հետո տիեզերանավը բարձրացավ ուղեծիր, իր հետ տանելով տիեզերագնաց փոխգնդապետ Պյոտր Կլիմուկին: Վահանակը գործեց և հրթիռն ու տիեզերանավը անջատվեցին: Ներկաների ուրախությանը չափ ու սահման չկար: Շատերը ուրախությունից լաց էին լինում:

Եվ, իրոք, Խորհրդային Միությունը գիտաարտադրական հզոր ներուժ ուներ համաշխարհային ճանաչողական պրոգրեսի մեջ: Արտակարգ մեծ էր նաև հայ գիտական մտքի ներդրումը այդ առաջընթացում:

…Իսկ այնուհետև ի՞նչ կատարվեց:

Խորհրդային Միության փլուզումից հետո գիտական միտքը փոշիացավ: Կազմալուծվեցի նաև Հայաստանի գիտական կենտրոնները: Տեղի ունեցավ ուղեղների՝ առաջնակարգ մասնագետների, արտահոսք: Պարալիզացվեցին շատ գիտահետազոտական հիմնարկներ: Միջազգային ստանդարտ ապահովող գիտահետազոտական հիմնարկները դադարեցին գործելուց:

Գոյությունը պահողը հայ իրականության մեջ դարձավ մանր առևտուրը, իսկ կյանքի բարոյական և հոգեբանական դաշտը ձևավորեց արդեն մանր առևտրականի մտավոր և բարոյական «հարստությունը»:

Արդյունքում խզվեց հայ մտքի առնչությունը Տիեզերքի և հավիտենության հետ: Մերգելյանի ինստիտուտի, Բյուրականի աստղադիտարանի, Գառնիի հզոր աստղագիտական կենտրոնի և այլ ինտելեկտուալ կենտրոնների տեղը զբաղեցրին՝ Ֆիրդուսնոցը, Փեթակը, Դալման, Քրչի բազարը…

Երրորդ անգամ, երբ այցելեցինք Գուրզադյանին երբեմնի հզոր կենտրոնում մնացել էին ինքը, քարտուղարուհին և պահակը: Համալիրը որբացել էր, ամբողջովին դատարկ էր: Ինչ-որ ձեռներեցներ Գուրզադյանին առաջարկել էին այդ համալիրը դարձնել խոզաբուծական ֆերմա և խոստացել էին, որ իրեն էլ կդարձնեն փայատեր: Գուրզադյանը շատ էր վիրավորվել այդ առաջարկից:

Իրողությունը մտածող մարդկանց համար ցավագին, ողբերգական հնչեղություն ուներ: Տհաս իշխանավորը և շահամոլ ձեռներեցը անկարող էին զգալ աստղահայաց գիտնականի և իմաստասերի ողբերգությունը: Մարդու այդ տեսակը չունի հավիտենապաշտության թրթիռներ, նրա էությունը ամբողջովին գամված է աթոռի և դրամապանակի պատճառած հաճույքին: Մինչդեռռ ավերված իրականությունը բնազդներով ապրող հենց այդ մարդկանց բերեց առաջին պլան: Տիրապետող դարձավ հարստանալու կիրքը, որի ստվերում անտեսվեցին գիտության և մշակույթի երբեմնի հմայքն ու հեղինակությունը, նաև գոյաբանական դերառույթը: Իրականությունը համակված էր պետական և քաղաքական հիերարխիայի ձևավորման գործընթացներով: Ընտրախավ, ընտրարշավ, ընտրական քարոզչություն: Բնակչության ժամանակը և եռանդը վատնվում էր իր իսկ երաշխավորած մանդատներով իշխանական աթոռներին հասցնելու պատահական մարդկանց, որոնք բացարձակապես չունեին պետություն կառուցելու մտավոր և մասնագիտական կոչվածություն:

Գիտությունը և մշակույթը անտեսված և անգործ ոլորտ էին այլևս:

Աստղաֆիզիկայի արքա Լիրը՝ բացառիկ գիտնական և իմաստասեր Գուրզադյանը խորը ողբերրգություն էր ապրում այդ ամենից: Գուցե դա էլ արագացրեց նրա մահը:

…Վերջերս ընկերներով անցանք Գուրզադյանի ինստիտուտի այդ համալիրի կողքով: Երևի խոզաբուծական ինչ-որ մասնաճյուղ կար արդեն: Խոզերի արտաթորանքի սրտախառնուք առաջացնող հոտ էր փչում:

Ըստ էության, դեմոկրատիայի անվան տակ Արևմուտքի մոնդիալ էքսպանսիան, ընդարձակվելու այդ զավթողամոլությունը ոչնչացնելով և կազմալուծելով իրականության բոլոր ոլորտները, թերևս միայն այդ «բուրմունքը» փոխանցեց մեր կյանքին: Եղիշե Չարենցի բանաստեղծության տողերով բնութագրենք ոչ միայն իրականության, այլև հոգևոր կյանքի այդ հսկայածավալ կործանարար իրողության ողբերգականությունը: Այդ ժամանակներից իսկ՝

Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան

Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…

Եվ, իրոք, կյանքի բոլոր ոլորտները՝ գիտական, քաղաքական, բարոյական, մշակութային, գահավեժ անկում ապրեցին և արդ վերևից ներքև բոլոր ոլորտներում չնչին բացառություններով վեհապանծորեն ճեմում են հավակնոտ տգիտությունը, միջակությունը, և ամուլ դիլետանտիզմը՝ մեր գոյության ողջ բարոյահոգեբանական էկոլոգիան համակելով խոզաբուծարանի Արևմուտքից փչող այդ «բուրմունքով»:

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8559

Մեկնաբանություններ